7 սեպտեմբերի 2012 - 21:45 AMT
ՄԱԿ-ը Սաֆարովի մասին. Էթնիկ հողի վրա իրականացված հանցագործությունները պետք է դատապարտվեն, այլ ոչ թե փառաբանվեն

Այսօր մարդու իրավունքների հարցով ՄԱԿ-ի գերագույն կոմիսարի վարչությունը լուրջ անհանգստություն է արտահայտել` կապված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի գործի հետ: Վերջինս ցմահ ազատազրկման էր դատապարտվել Հունգարիայում` 2004-ին հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանորեն սպանելու պատճառով:

«Միջազգային ստանդարտները, որոնք վերաբերում են լուրջ հանցագործությունների համար պատասխանատվությանը, պետք է պահպանվեն»,-Ժնևում կայացած ճեպազրույցին հայտարարել է մարդու իրավունքների հարցով գերագույն կոմիսարի վարչության մամուլի քարտուղար Ռուպերտ Կոլվիլլը:

Նա ընդգծել է, որ էթնիկ ատելությամբ դրդապատճառավորված նման ծանրության հանցագործությունները պետք է քննադատվեն, իսկ դրանց մեղավորները` համապատասխանաբար պատժվեն, այլ ոչ թե փառավովեն առաջնորդների և քաղաքական գործիչների կողմից:

Նա ասել է, որ լիովին կիսում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կարծիքը այս հարցի վերաբերյալ, ովքեր ավելի վաղ այս շաբաթ իրենց խորին անհանգստությունն էին արտահայտել «այն վնասի առնչությամբ, որը հասցվում է խաղաղ գործընթացին և կողմերի միջև վստահությանը ներմամաբ և հանցագործությունը փառաբանելու ցանկացած փորձով»,-հաղորդում է ՄԱԿ-ի տեղեկատվական կենտրոնը:

2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին:

2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի:

Օգոստոսի 31-ին Հունգարիան արտահանձնեց Սաֆարովին Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ ներում շնորհվեց: Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Ըստ որոշ աղբյուրների, Սաֆարովի արտահնձնումն իրականացվել է Ադրբեջանի կողմից Հունգարիային տրամադրվելիք 2-3 եվրոյի դիմաց: Հունգարական կողմը հերքում է այս հայտարարությունները: