Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլում մեկնարկեց Մալթայի դեմ արտագնա խաղով:
Վալետայի «Տա Կալի» մարզադաշտում Հայաստանի ընտրանին վաստակեց առաջին երեք միավորը:
Ինչպես և առաջին խաղակեսում, երկրորդում ևս հայ ֆուտբոլիստները գործում էին ակտիվ և ամեն ինչ անում էին, որպեսզի գրավեն մրցակցի դարպասը: 51-րդ րոպեին նախ կարող էր գոլի հեղինակ դառնալ Մարկոս Պիզելլին, ապա հնարավորութունը ձեռքից բաց թողեց Հենրիկ Մխիթարյանը:
Ի տարբերություն առաջին կեսի, Մալթայի ֆուտբոլիստները մեկնարկային րոպեներին սկսեցին գործել ավելի վստահ, պահում էին գնդակը և մի քանի անգամ անհանգստացրին Հայաստանի պաշտպաններին:
Սակայն հայ ֆուտբոլիստներն ու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը շարունակեցին պայքարել: Մինասյանը խաղադաշտ դուրս բերեց Արթուր Սարկիսովին, վերջինս էլ 70-րդ րոպեին Յուրա Մովսիսյանի գեղեցիկ փոխանցումից հետո բացեց խաղի հաշիվը` 1:0:
Գոլ խփելուց հետո Հայաստանի ընտրանին ավելի հանգիստ ու ազատ սկսեց գործել, իսկ մրցակիցը պատասխանում էր միայն խախտում կատարելով: Վերջին հինգ րոպեների ընթացքում հայերը կարող էին ևս մի քանի անգամ գրավել մրցակցի դարպասը, սակայն այդպես էլ չկարողացան:
Հայաստանի հավաքականը, չնայած բավականին դժվարությամբ, բայց կարողացավ նվազագույն` 1:0 հաշվով, հաղթանակ տոնել Մալթայի նկատմամբ:
Հայաստանի հավաքականը ընտրական փուլում վաստակեց առաջին երեք միավորները: Հաջորդ հանդիպումը հայկական թիմը կանցկացնի սեպտեմբերի 11-ին, իսկ մրցակիցը կլինի Բուլղարիան: