ԵՄ հարցերով Թուրքիայի պետնախարար Էղեմեն Բաղիշը հայտարարել է, որ ֆրանսիական պատմության և աշխարհագրության դասագրքերում Հայոց ցեղասպանության մասին բաժինը ներառելով Ֆրանսիայի ներկա իշխանությունները պատրաստվում են հաջորդ ընտրություններին և դրա հետ մեկտեղ դաստիարակում «թունավորված սերունդ»: Նա նշել է, որ Թուրքիան «ամաչելու ոչինչ չունի: Մենք հպարտանում ենք մեր պատմությամբ»,- ասել է Բաղիշը:
Թուրք նախարարը նաև հույս է հայտնել, որ «Ֆրանսուա Օլանդի ռեժիմը ճիշտ է հաշվարկել նման նախաձեռնության գինը»: «Ղեկավարվել Ֆրանսիայի և Թուրքիայի միջև բարեկամության սկզբունքներով նշանակում է ելնել ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Թուրքիայի շահերից: Այլ դեպքում Ֆրանսիան կարող է լինել տուժող կողմ»,- հայտարարել է նա:
Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:
Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում:
Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի:
Փետրվարի 29-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը օրինագիծը ճանաչեց ոչ սահմանադրական: Ըստ վերջին հաղորդագրությունների, օրինագիծը շուտով նորից կդրվի շրջանառության մեջ: