11 սեպտեմբերի 2012 - 20:27 AMT
Բրայզայի արջի ծառայությունը Բաքվին. Նախկին դեսպանը ցրել է ադրբեջանական բանակին օգնություն տրամադրելու միֆը

Դիվանագետներն ու վերլուծաբանները կարծում են, որ ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի վերսկսման դեպքում, ղարաբաղյան գործընթացը դուրս կգա փակուղուց, գրում է Reuters-ը:

«Ադրբեջանն այժմ չի կարող նվաճել Ղարաբաղը: Ռազմական տեսանկյունից նրանք ի վիճակի չեն դա անել: Չեմ կարծում, որ նրանք կկարողանան գրավել հայերի կողմից վերահսկվող բարձունքները: Դա չափազանց բարդ է»,-հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան:

Ադրբեջանցի ռազմական վերլուծաբան Յուսիֆ Ագաևը իր հերթին հերքում է երկարատև մարտերի հավանականությունը: «Կարծում եմ, որ մարտերը կարող են տևել մեկ կամ երկու ամիս, այսինքն այնքան, որքան մեր զինված ուժերը կկարողանան պայքարել: Եթե մարտերը ձգձգվեն, ապա կվերածվեն լայնածավալ պատերազմի, որին մասնակցում են ոչ միայն բանակները, այլ նաև հասարակությունները: Չեմ կարծում, որ ադրբեջանական հասարակությունն այժմ պատրաստ է պատերազմի»,-ասել է նա:

Ինչպես Բրայզայի, այնպես էլ Ագաևի հայտարարությունները հակասում են ադրբեջանական ղեկավարության և ԶԼՄ-ների պաշտոնական հայտարարություններին: Ինչպես հայտնի է, Ադրբեջանի իշխանությունները` սկսած նախագահից, չեն հոգնում կրկնել, որ ադրբեջանական բանակը տարածաշրջանի «ամենահզոր բանակն է», որի համար բացարձակապես դժվար չէ գրավել Ղարաբաղը և անգամ Հայաստանը: Հաճախ շեշտը դրվում է սպառազինության այն հսկայական ծավալի վրա, որը գնում և արտադրում է Ադրբեջանը, ինչպես նաև ադրբեջանական զինվորների «պրոֆեսիոնալիզմի»: Ինչպես երևում է ադրբեջանցիների մեծ բարեկամ Բրայզայի խոսքից, ամեն ինչ իրականում այդպես չէ:

Իսկ ահա ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, ադրբեջանական հասարակությունը մեկ մարդու նման պատրսատ է պատերազմի, յուրաքանչյուրը պատրաստ է զոհել իրեն, իր հարազատներին, միայն թե հայի արյուն թափի: Ինչպես վկայում են Ագաևի խոսքերը, այստեղ ևս ամեն ինչ այդպես չէ:

Ի դեպ, միջազգային փորձագետները, այդ թվում` թուրքերը, խոստովանել են, որ ամենամարտունակ, թեև թվաքանակով ոչ այնքան մեծ բանակը տարածաշրջանում հենց ՀԱյաստանի Զինված Ուժերն են: