12 սեպտեմբերի 2012 - 14:14 AMT
Նավթի համաշխարհային գներն աճել են ԱՄՆ առևտրի նախարարության տվյալների ֆոնին

Նավթի համաշխարհային գները սեպտեմբերի 11-ի սակարկությունների արդյունքում բարձրացել են հունիս ամսին ԱՄՆ արտաքին առևտրի հավասարակշռության վիճակագրության հրապարակման ֆոնին, ինչպես նաև տնտեսության հետագա խթանման իշխանությունների պատրաստակամության մասին Չինաստանի կառավարության ղեկավարի հայտարարությունների, վկայում են բորսաների տվյալները:

Ամերիկյան WTI թեթև նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը սակարկությունների ավարտին բարձրացել է 0,63 դոլարով կամ 0,7 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 97,17 դոլար: Brent հյուսիսծովյան նավթային խառնուրդի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,59 դոլարով կամ 0,5 տոկոսով` հասնելով 1 բարելի համար 115,4 դոլարի:

Չինաստանի պետխորհրդի ղեկավար Վեն Ցզյաբաոյի հայտարարություններն այն մասին, որ ՉԺՀ տնտեսական աճի տեմպերն աստիճանաբար կայունանում են, դրական են ընդունվել: