13 սեպտեմբերի 2012 - 13:57 AMT
Գագիկ Ղալաչյան. Հայաստանը մտադիր է բարձրացնել Հունգարիայի և Ադրբեջանի անօրինական գործողությունների հարցը

Հունգարիան դեռ շատ անելիքներ ունի, որպեսզի արդարացնի հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն Ադրբեջանին, որն ավելի ուշ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով ներում էր ստացել: Այդ մասին հայտարարել է Հունաստանում և Կիպրոսում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը:

Նրա խոսքով, Հունգարիան պետք է ներողություն խնդրի համաշխարհային հանրությունից և Հայաստանից ու համապատասխան քայլեր ձեռնարկի Ադրբեջանից ստացված ապտակի առնչությամբ: Հակառակ դեպքում «մենք կառաջարկենք դիտարկել այդ քայլը որպես կանխամտածված գործողություն` ուղղված Հայաստանի դեմ», հաղորդում է Cyprus mail-ը:

«Մենք կարծում ենք, որ Սաֆարովին ազատ արձակելով Ադրբեջանը վերջնականապես կորցրեց համաշխարհային հանրության աչքերում հուսալի գործընկեր երևալու շանսերը: Մենք հուսով ենք, որ համաշխարհային հանրությունը վերջապես վերջ կդնի «կեղծ արդարության» իր քաղաքականությանը և աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է հայ դիվանագետը, հավելելով, որ միջազգային հանրությունը, այդ թվում ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ը, ԵՄ-ը, ԵԽ-ը, ՀԱՊԿ-ը, ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան և մի շարք այլ երկրներ դատապարտել են Ադրբեջանին և իրենց աջակցությունը հայտնել Հայաստանին:

«Բայց դա գործընթացի սկիզբն է: Հայաստանն օրինական հիմունքներով մտադիր է բարձրացնել այդ հարցը «իրավասու մարմիններում»,- ասել է Գագիկ Ղալաչյանը:

2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին:

2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Օգոստոսի 31-ին Հունգարիան արտահանձնեց Սաֆարովին Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ ներում շնորհվեց: Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Ըստ որոշ աղբյուրների, Սաֆարովի արտահնձնումն իրականացվել է Ադրբեջանի կողմից Հունգարիային տրամադրվելիք 2-3 եվրոյի դիմաց: Հունգարական կողմը հերքում է այս հայտարարությունները:

Կուսակցության նիստի ժամանակ Օրբանը հայտարարել է, որ կուսակցության գործընկերները և խորհրդականները բազմիցս նախազգուշացրել են նրան նման քայլի վտանգավորության մասին, բայց հունգարացի վարչապետը դիտարկել է այդ որոշումը որպես ժեստ ադրբեջանցիների կողմը` Հունգարիայի բյուջեի համար նոր վարկատուներ ապահովելու համար: Օրբանը խոստովանել է, որ իմացել է հնարավոր հետևանքների մասին, բայց ակնկալել է, որ Սաֆարովին ներում կշնորհվի մի քանի ամիս անց «առողջական պատճառներով»:

Հունգարիայի ընդդիմադիր սոցիալիստական կուսակցության առաջնորդ Աթիլա Մեշտերհազին իր երկրի վարչապետին անվանել է «բարոյապես սնանկ» և կոչ արել հրաժարական տալ: