15 սեպտեմբերի 2012 - 18:00 AMT
Նոյեմբերին էկրաններ կբարձրանա Սփիլբերգի «Լինքոլն» ֆիլմը

«Շինդլերի ցուցակը» և «Փրկել շարքային Ռայանին» ֆիլմերի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը վերադարձել է պատմական դրամայի ժանրին: Նրա նոր կինոնկարի գլխավոր հերոսը Աբրահամ Լինքոլնն է, որի դերում հանդես է գալիս երկակի օսկարակիր Դենիել Դեյ-Լյուիսը:

Սփիլբերգի խոսքով` «Լինքոլն» ֆիլմով ինքը փորձել է ցույց տալ Միացյալ Նահանգների 16-րդ նախագահին, ում անունն ամենից առաջ ասոցացվում է արյունալի Քաղաքացիական պատերազմի ավարտի և ստրուկների ազատագրման հետ: Ֆիլմը հիմնված է պատմաբան Դորիս Քիրնս Գուդվինի «Մրցակիցների թիմը» գրքի վրա, որը նվիրված է Լինքոլնին և նրա կառավարության անդամներին: Variety-ին տված հարցազրույցում Սփիլբերգը պարզաբանել է, որ ֆիլմի գործողությունը կենտրոնացած է պատերազմը դադարեցնելու և ստրկությանը վերջ դնելու Լինքոլնի փորձերի և այն արգելքների վրա, որոնք կանգնած էին նրա ճանապարհին: