17 սեպտեմբերի 2012 - 14:02 AMT
Հայաստանի փրկարարների թիմը կմասնակցի պատանի հրշեջ-փրկարարների միջազգային հավաքին

Այս գիշեր Բելառուսի մայրաքաղաք մեկնեց ՀՀ ԱԻՆ փրկարարների մանկապատանեկան թիմը, որը պիտի սեպտեմբերի 17-23-ը մասնակցի ազգային մանկական կրթական-առողջապահական «Զուբրյոնոկ» կենտրոնում կազմակերպվելիք պատանի հրշեջ-փրկարարների միջազգային հավաքին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարությունից:

Դեռևս հունիսին հայտարարված բաց մրցույթի արդյունքում ԱԻ նախարարությունում մայրաքաղաքի և մարզային դպրոցներից ընտրվել էին 12-16 տարեկան 7 երեխա :

Մասնակիցներին ընտրելիս հաշվի են առնվել նրանց առաջադիմությունը դպրոցում, գիտելիքներն արտակարգ իրավիճակների վերաբերյալ և գեղարվեստական ընդունակությունները, քանի որ հավաքի ընթացքում լինելու են տարբեր մրցույթներ ու մասնակիցները պետք է նաև փոքրիկ գեղարվեստական համարով ներկայացնեն իրենց երկիրը:

Ընտրական փուլը հաղթահարած երեխաների համար կազմակերպվել են հատուկ դասընթացներ (փրկարարական գործ, հրդեհաշիջում, առաջին բուժօգնություն, լող և այլն), ինչպես նաև տրամադրվել է հրշեջ-փրկարարի համազգեստ:

Մեկնումից առաջ ՀՀ ԱԻՆ արտաքին կապերի վարչության աշխատակից, պատվիրակության ղեկավար Աղվան Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ԱԻ նախարար Ա. Երիցյանին, փրկարար ծառայության ղեկավարությանն ու երեխաների ծնողներին` աջակցության համար, նշելով, որ իրենք կաշխատեն միջազգային հավաքում բարձր պահել ՀՀ ԱԻ նախարարության անունը: