19 սեպտեմբերի 2012 - 18:07 AMT
Քաղաքաշինության նախարարն ու ԱԶԲ տնօրենը քննարկել են Հայատանում կոշտ թափոնների մշակման հեռանկարը

Հայաստանում կոշտ թափոնների կառավարման ազգային ռազմավարության մշակման հարցերը քննարկելու նպատակով, այսօր ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանն ընդունեց Ասիական զարգացման բանկի /ԱԶԲ/ և Ֆրանսիայի զարգացման գործակալության պատվիրակներին` ԱԶԲ կոշտ թափոնների ծրագրի ղեկավար Դռաժեն Կուչանի գլխավորությամբ:

Նախարար Սամվել Թադևոսյանը ողջունելով հյուրերին` նշեց, որ ՀՀ քաղաքաշինության նախարարության առաջարկությամբ կոշտ թափոնների կառավարման ազգային ռազմավարության շրջանակներում որպես առանձին բաղադրիչ նախատեսվում է նաև մշակել հանրապետությունում նոր աղբավայրերի և համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման հիմնախնդիրը:

Հայտնելով, Հայաստանում կոշտ թափոնների կառավարման ազգային ռազմավարության մշակման գործում բանկի պատրաստակամության մասին, ԱԶԲ ծրագրի ղեկավար Դռաժեն Կուչանը նշեց, որ բանկն առաջարկում է նշված ռազմավարությունը մշակելուց և կառավարության հավանությունը ստանալուց հետո իրականացնել նաև ներդրումային ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներ՝ պետական-մասնավոր գործընկերության մեխանիզմների կիրառմամբ: Իր հերթին, ֆրանսիական զարգացման գործակալության ներկայացուցիչ Սամուել Լեֆեվրեն տեղեկացրեց, որ ֆրանսիական կողմը միավորում է իր ջանքերը ԱԶԲ-ի հետ` վերոնշյալ ծրագրի համաֆինանսավորման համար:

Կողմերը պատրաստակամություն հայտնեցին ակտիվորեն ներգրավվել ազգային ռազմավարության մշակման գործընթացին: