Այսօր` սեպտեմբերի 22-ին Երևանում իր մեկնարկն ազդարարեց «Դպրոց- կենտրոնների միության» հաշվետու կլոր սեղան-քննարկումը, որին մասնակցում են ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավորներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ և կրթական հաստատությունների ղեկավարներ և այլոք:
«Նախարարությունը դիտարկում է այս նորաստեղծ ցանցը որպես գործընկեր, որին պատրաստ է որոշակի առաքելություններ պատվիրակել, այն է հարթակ հանդիսանալ Հայաստանի կրթական համակարգի փոփոխությունների գեներացման և տարածման համար»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով, մասնագետներն իրենք հաճախ ընդհանուր հայտարարի չեն գալիս այս կամ այն կրթական հարցի կապակցությամբ, և իրենք կարիք ունենք համախմբվել Հայաստանում գործող դպրոցների շրջանակում համապատասխան մասնագիտական միտքը օգտագործել, որպեսզի նախարարությանն էլ ավելի հեշտ լինի աշխատել և ստեղծել իր քաղաքականությունը: Կլոր սեղանի քննարկման թեմաներից են ուսուցչի էթիկայի նորմերի մշակումը, դպրոցի զարգացման ծրագրի ուղեցույցի ստեղծումը և այլն:
«Դպրոց- կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության առաքելությունն է նպաստել Հայաստանում կրթական համակարգի զարգացմանը` կրթական ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներուժի առավել ամբողջական և արդյունավետ կիրառման միջոցով: