24 սեպտեմբերի 2012 - 20:12 AMT
Պան Գի Մունն ու Մահմուդ Ահմադինեժադը քննարկել են Սիրիայի շուրջ իրավիճակն ու իրանական միջուկային ծրագիրը

Սիրիայի հակամարտության հումանիտար հետևանքները և հակամարտության կարգավորումը, ինչպես նաև իրանական միջուկային ծրագիրը դարձել են կիրակի օրը Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի և ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի բանակցությունների առանցքային թեմաները:

«Գլխավոր քարտուղարը ուշադրություն է դարձրել տարածաշրջանի համար այն ծանր հետևանքներին, որոնց կարող է հանգեցնել Սիրիայում իրավիճակի վատացումը` մատնանշելով նաև դրա սարսափելի հումանիտար հետևանքները»,-նշվում է ՄԱԿ-ի մամուլի հաղորդագրությունում:

Պան Գի Մունը նաև կոչ է արել Իրանին «ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի համոզի միջազգային հանրությանը իր միջուկային ծրագրի բացառապես խաղաղ նշանակությունը»:

Գլխավոր քարտուղարը մատնանշել է տարածաշրջանի երկրների կողմից «ատելությունը բորբոքող հայտարարությունների», ինչպես նաև մեկը մյուսի նկատմամբ սպառնալիքների անթույլատրելիությունը, նշվում է կազմակերպության մամուլի հաղորդագրությունում: