27 սեպտեմբերի 2012 - 21:36 AMT
Քլիվլենդում տեղի է ունեցել Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառում

Սեպտեմբերի 21-ին ԱՄՆ Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքի քաղաքապետարանում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 21-այմակին, որին ներկա էին քաղաքապետ Ֆրանկ Ջեքսոնը, բարձրաստիճան այրեր, համայնքային կառույցների ղեկավարներ և հայ համայնքի երկու հարյուրից ավելի ներկայացուցիչներ:

Շնորհավորելով ներկաներին անկախ պետականության 21-րդ տարեդարձի առթիվ՝ Քլիվլենդի քաղաքապետը կարևորել է Հայաստանի Հանրապետության անկախության 21-ամյակի կապակցությամբ ընդունված Հռչակագիրը, որում, մասնավորապես, նշվում է, որ «Հայաստանը, լինելով առաջին քրիստոնյա պետությունը, 1915թ. Հայոց ցեղասպանությունից հետո հիմնել է Հայաստանի Առաջին ժողովրդավարական Հանրապետությունը, իսկ 1991թ. սեպտեմբերի 21-ին առանց որևէ արտաքին ուժի միջամտության վերականգնել իր անկախությունը»:

Հռչակագիրը բարձր է գնահատում այն փաստը, որ Հայաստանը դարձել է ամուր միջազգային կապեր ունեցող բարգավաճ, խաղաղ և անվտանգ երկիր, ինչպես նաև պաշտպանել է Լեռնային Ղարաբաղի ազատությունը: Ըստ Հռչակագրի՝ Հայաստանը մոդել է տարածաշրջանի երկրների համար: Փաստաթղթում նշվում է նաև, որ «Քլիվլենդը հպարտ է հյուրընկալելու հայկական կենսունակ համայնքին, որի հարուստ մշակույթը և ընտանեկան արժեքները հայ-ամերիկյան կրոնական, սոցիալական և մշակութային բազմաթիվ կազմակերպությունների միջոցով փոխանցվում են ապագա սերունդներին»:

Այնուհետև տեղի է ունեցել հայկական եռագույնի բարձրացման հանդիսավոր արարողություն Քլիվլենդի քաղաքապետարանի Ռատունդայում: