30 սեպտեմբերի 2012 - 18:14 AMT
Կոսովոյի վարչապետը բացառում է երկիրն ալբանական և սերբական մասերի բաժանելու հնարավորությունը

Կոսովոյի վարչապետ Հաշիմ Տաչին հայտարարել է, որ նա թույլ չի տա առանձնացնել Պրիշտինայից երկրամասի հյուսիսային շրջանները, որոնք հիմնականում բնակեցված են սերբերով, ինչպես ենթադրում են Սերբիայի իշխանությունների որոշ ներկայացուցիչներ:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, սերբերը (Կոսովոյի բնակչության 5-10 տոկոսը) չեն ճանաչում Կոսովոյի անկախությունը, որը միակողմանի կարգով հռչակված է Պրիշտինայի կողմից 2008-ի փետրվարի 17-ին: Հյուսիսային շրջաններում գործում են իշխանության տեղի մարմիններ, որոնք ֆինանսական և քաղաքական աջակցություն են ստանում Բելգրադից:

Կոսվոյի վարչապետի խոսքով, Սերբիայի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո Կոսովոյի համար բաց կլինի ճանապարհը դեպի ՄԱԿ:

Որոշ սերբական ներկայացուցիչներ, այդ թվում վարչապետ Իվիցա Դաչիչը, հայտարարում են, որ Կոսովոն պետք է բաժանել սերբական և ալբանական մասերի, իսկ Տաչին կարծում է, որ սահմանների վերագծումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել Բալկաններում:

Կոսովոյի առաջնորդի խոսքով, հյուսիսային շրջաններում բնակվող սերբերը պետք է ինտեգրվեն Կոսովոյի հասարակության մեջ:

«Սակայն այդ խնդիրը բարդ է, քանի որ Բելգրադը խաբել է նրանց 12 տարի՝ խոստանալով բաժանում: Դա (բաժանում) երբեք չի լինի»,- հավելել է քաղաքական գործիչը: