1 հոկտեմբերի 2012 - 21:07 AMT
Օսլոյում առաջին անգամ նշել են Հայաստանի անկախության օրը

Սեպտեմբերի 26-ին Օսլոյի «Ռիկսենեն» համերգային համալիրում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն, որը կազմակերպվել էր Դանիայում և Նորվեգիայում ՀՀ դեսպանության, ինչպես նաև Նորվեգիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Մադս Լանգաարդ Լունդի կողմից:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, ընդունելությանը ներկա էին Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնյաներ, Օսլոյում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Կրագերո և Վերգոշայ քաղաքների քաղաքապետերը, գիտական, մշակութային կազմակերպությունների, գործարար շրջանակների ներկայացուցիչներ և հայ համայնքի անդամներ:

Ողջունելով հյուրերին` Նորվեգիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանն ուրախությամբ հայտնեց, որ առաջին անգամ է Օսլոյում նշվում Հայաստանի անկախության տոնը: Դեսպանն իր խոսքում հիշատակեց հայ-նորվեգական պատմական շփումները` սկսած միջնադարից մինչև Ֆրիտյոֆ Նանսեն և Բյոդիլ Բյոռն:

Այնուհետև, դեսպան Աղաջանյանը, կարևորելով հայ-նորվեգական հարաբերությունները, մասնավորապես, նշեց, որ, 1999թ-ից ի վեր, քայլ առ քայլ ակտիվանում են քաղաքական շփումները: 2010-2011թթ. ընթացքում երկու երկրների արտաքին գործերի նախարարների փոխայցելություններն ընդլայնեցին Հայաստանի և Նորվեգիայի միջև կապերը և նոր էջ բացեցին հայ-նորվեգական հարաբերությունների պատմության մեջ: Դեսպանը նշեց նաև, որ, չնայած զարգացող հարաբերություններին, դեռ շատ ջանքեր պետք է գործադրվեն:

Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված ընդունելությունից հետո հյուրերը հրավիրվեցին «ՍԱՆՍ» քառյակի համերգին, որը կազմակերպվել էր «Ռիկսենեն» համերգասրահի կողմից: Միջազգային այս քառյակում նվագում էր նաև հայ դուդուկահար Տիգրան Ալեքսանյանը (Մեծ Բրիտանիա):