«Պողոսյան պարտեզներ» հիմնադրամը 2011 թվականին մշակել է Սիրահարների այգու եռամյա կայուն զարգացման ծրագիր: Ինչպես այսօր Ճարտարապետների միությունում հանրային քննարկման ժամանակ նշեց հիմնադրամի տնօրեն Սարհատ Պետրոսյանը, ծրագրի նպատակն է այգու շահագործումը և զարգացումը դարձնել ավելի կայուն` ապահովելով ինքնաֆինանսավորման մասնաբաժնի շարունակական ավելացում։ Դրա շրջանակում Պողոսյան պարտեզները այգու շահագործման և պահպանության, կանաչապատ տարածքների զարգացմանը զուգահեռ 2012 - 2014 թվականներին նախատեսում է իրականացնել հետևյալ նախագծերը`
1.Ամֆիթատրոնի հիմնանորոգում ու վերազինում,
2.Աշխատակազմի համար նախատեսված տեխնկական շինության կառուցում,
3.Այլընտրանքային էլեկտրոէներգիայի աղբյուրների տեղադրում,
4.Լճի հիդրոտեխնիակական համակարգի զարգացում,
5.Հասարակական զուգարանների կայուն ջրային համակարգերի համակցում,
6.Հարավ-արևմտյան մուտքային մասի կազմակերպում,
7.Սրճարանի համար ստորգետնյա խոհանոցային մասի կառուցում,
8.Ցանկապատերի վերանորոգում և ամբողջացում,
9.Քաղաքային կահույքի (նստարան, աղբաման և այլ) զարգացում։
Այդ ընթացքում նշված աշխատանքների համար Պողոսյան հիմնադրամը նախատեսում է ներդնել շուրջ 60 մլն ՀՀ դրամ։ Այն զգալիորեն նվազեցնելու է այգում շահագործման ու պահպանության ծախսերը և բարձրացնելու է կառավարման արդյունավետությունը։
Պողոսյան պարտեզները ՀՀ օրենսդրության շրջանակում նշված ծրագրի բոլոր փուլերում իրականացնելու է հանրային իրազեկում և լսում-քննարկումների անցկացում` ապահովելու համար այգու շահառուների հնարավորինս մասնակցություն ծրագրերի մշակման և իրականացման գործընթացներում։