29 մարտի 2005 - 08:58 AMT
ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. «ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՆԻՎԸ ԵՏ ՊՏՏԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲՈԼՈՐ ՓՈՐՁԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆ ՁԱԽՈՂՄԱՆ»
Հայաստանի խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ այսօր սկսված լսումներում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացն այսօր «բարդ փուլ» է վերապրում: Նախարարի խոսքերով` «պատմության անիվը ետ պտտելու Ադրբեջանի բոլոր փորձերը դատապարտված են ձախողման»: Վարդան Օսկանյանը նշել է, որ ներկայումս «բանակցային սեղանին» քննարկվում են հակամարտության ինչպես փաթեթային, այնպես էլ փուլային կարգավորման տարբերակները: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանը փորձում է տեղափոխել կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբից այլ միջազգային կազմակերպություններ, որոնք նախապատվությունը տալիս են պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքին: Միեւնույն ժամանակ, ավելացրել է նա, աշխարհում եղել են նախադեպեր, երբ առաջին պլան է մղվել ազգերի ինքնորոշման սկզբունքը: Վ.Օսկանյանը բերել է Արեւելյան Թիմորի, Սուդանի եւ Կոսովոյի օրինակները: ՀՀ ԱԳՆ ղեկավարն «անիմաստ» է անվանել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին Բաքվի պահանջները: Նրա խոսքերով, ադրբեջանական կողմը միտումնավոր կերպով խուսափում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծելուց: