
Հանրապետության հրապարակում ավելի նախընտրելի է հյուրանոցը, քան նախարարությունը, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը՝ հայտնելով իր տեսակետը ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի վաճառքի մասին:
Նրա կարծիքով, մայրաքաղաքի կենտրոնում, առհասարակ, նախընտրելի չէ որևէ գերատեսչության առկայություն:
Բաբայանը գտնում է, որ այն պետք է լինի մշակութային: Իսկ ինչ վերաբերում է գերատեսչություններին, ապա արվեստագետի կարծիքով, դրանք պետք է տեղակայվեն քաղաքի ծայրամասում, կամ քաղաքին մոտ այլ վայրում:
Չնայած նախարարության շենքում լինելու է ոչ թե մշակութային հաստատություն, այլ հյուրանոց, այնուամենայնիվ, դա ավելի գերադասելի է Բաբայանի համար:
Ռուբեն Բաբայան նաև նշեց, որ չի կարծում, թե շենքը կապականվի, քանի որ մասնավոր ձեռքերում այն ավելի ապահով կլինի, քան պետական գործչի ձեռքերում: Ըստ նրա, հենց ԱԺ պատգամավորներն են ավելի շատ ապականում շինությունները, քան մասնավոր անձիք (հիշեցնելով Փակ շուկայի շենքի օրինակը):