8 հոկտեմբերի 2012 - 15:22 AMT
Արման Նավասարդյան. Սիրիահայերի համար կարող են Բարդուղոմեոսյան գիշեր սարքել

Եթե Սիրիայում իշխող Բաշար Ասադի ռեժիմը տապալվի, սիրիահայերի համար կարող են Բարդուղոմեոսյան գիշեր սարքել, մտավախություն ունի նախկին դեսպան Արման Նավասարդյանը: Նրա մտավախությունների պատճառն այն ծայրահեղական ուժերն են, որ պայքարում են գրոհայինների կողմից իշխանությունների դեմ, որոնց համեմատ «մահմեդական եղբայրներն ուղղակի հրեշտակներ են»:

ՀՀ նախկին դեսպանը Լիբանանում մերժում է այն հավանականությունը, որ սիրիահայերին կհաջողվի ինքնապաշտպանություն կազմակերպել Լիբանանի հայերի օրինակով՝ Լիբանանում քաղաքացիական պատերազմի դեպքում: «Ի՞նչ դիմադրության մասին կարող է խոսք լինել…Այն ժամանակ միանգամայն այլ էր և ուժերի հարաբերակցությունն այլ էր: Հիմա նույնիսկ ծիծաղելի է այդ մասին մտածել»,-ասել է նա:

Ըստ Նավասարդյանի, Հայաստանի կառավարությունը հիմա միայն մեկ բան կարող է անել՝ ֆորս-մաժորային իրավիճակում համախմբել երկրի ու սփյուռքի ջանքերը սիրիահայ համայնքի տարհանման համար: «Կարևոր չէ, թե ուր, թեկուզ Ալյասկա կամ Անտարկտիդա՝ փրկելու համար մարդկանց կյանքը: Այսօր արդեն մեծ կորուստներ ունենք»,-ասել է նախկին դեսպանը: Ընդ որում, Նավասարդյանը գտնում է, որ Բաշար Ասադն ամեն դեպքում կհեռանա, հարցն այն է, թե կհաջողվի արդյոք ալևիներին պահպանել իշխանությունը: