9 հոկտեմբերի 2012 - 15:32 AMT
Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը Տոկիոյում կմասնակցի ՀԲ և ԱՄՀ տարեկան հանդիպմանը

Հոկտեմբերի 9-ին ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Տոկիո` Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպմանը մասնակցելու նպատակով: ՀՀ պատվիրակության կազմում են ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը, այլ պաշտոնատար անձինք:

Այցի շրջանակներում նախատեսված են հայկական պատվիրակության հանդիպումները Համաշխարհային բանկի (WB), Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF), Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի(EBRD), Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) ներկայացուցիչների հետ, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: