12 հոկտեմբերի 2012 - 12:00 AMT
Արա Աբրահամյան. Ռուսաստանի հայերի միությունը կանգնած է Սերժ Սարգսյանի կողքին

Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը Հայաստանում է՝ մասնակցելու համաշխարհային հայկական կոնգրեսի 2-րդ համագումարին, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 15-ին:

«Համագումարի ժամանակ մենք հաշվետվություն կներյացնենք, որում կլինի նախորդ տարիների մեր ամբողջ գործունեությունը, կխոսենք մեր անելիքների մասին, այն մասին,թե ինչ մեխանիզմներ ենք մտածել մեր աջակցությունը Ղարաբաղի հարցում, Ցեղասպանության ճանաչման գործում ավելի արդյունավետ կազմակերպելու և Հայաստանի տնտեսական աճին նպաստելու համար», -ասաց նա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Անդրադառնալով Լիբիայում իր ֆինանսական կորուստներին՝ Արա Աբրահամյանն ասաց. «Լիբիայում ես երկար տարիներ էի աշխատում, 1 մլրդ-ից ավելի ներդրումներ էի արել, լավ հարաբերություններ ունեի Քադաֆիի հետ. նա պետություն կորցրեց, ես բիզնես: Լիբիայում իմ ներդրումները սառեցվել են, խոշոր ֆինանսներ եմ կորցրել, բայց հույս ունեմ վերականգնել»:

Լրատվամիջոցներում տարածված այն տեղեկություններին, թե Արա Աբրահամյանը սնանկ է, նա պատասխանեց. «Ես «բանկրոտ» չեմ, չկա մի մարդ, որին ես 1 դրամ անգամ պարտք լինեմ, այդ հրապարակումներից հետո բոլոր բանկերը, պահաջեցին իրենց գումարները, բայց ես բոլոր պարտքերս վճարեցի»:

Ռուսաստանի հայերի միության նախագահը ասաց նաև , որ միությունը և անձամբ ինքը կանգնած են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողքին: