13 հոկտեմբերի 2012 - 14:31 AMT
«Միկան» Շախմատի կանանց Եվրոպայի գավաթի երկրորդ տուրում զիջել է «Յուգրային»

Երևանի «Միկա» շախմատի ակումբը Շախմատի կանանց Եվրոպայի գավաթի երկրորդ տուրում 1,5:2,5 հաշվով զիջել է «Յուգրային» Խանտի Մանսիյսկից:

Առաջին խաղատախտակի վրա Էլինա Դանիելյանը հաղթել է Բաիրա Կովանովային, իսկ Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի է խաղացել Մարինա Ռոմանկոյի հետ: Հարիկա Դրոնավալին և Լելա Ջավախիշվիլին պարտություն են կրել:

«Միկան» մեկ միավորով 4-րդ տեղում է, մրցաշարի առաջատար «Յուգրան» ունի 2 միավոր: 3-րդ տուրում «Միկան» կխաղա Մոնտե Կառլոյի Cercle d’Echecs դեմ:

Եվրոպայի ակումբային գավաթը կավարտվի հոկտեմբերի 18-ին: Ժամանակի հսկողությունը 90 րոպե է 40 քայլի համար՝ հետո 30 րոպե մինչ պարտիայի ավարտը 30 վայրկյան հավելումներով յուրաքանչյուր քայլի համար, առաջինից սկսած: 2006թ. «Միկան» դարձել է Եվրոպայի գավաթի հաղթողը: