15 հոկտեմբերի 2012 - 14:46 AMT
Կաթողիկոսը բարձր է գնահատել Համաշխարհային հայկական կոնգրեսի աշխատանքը

Հոկտեմբերի 15-ին Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկած Համաշխարհային հայկական կոնգրեսի երկրորդ համագումարին մասնակցել է նաև Ամենայն Հայոց Կոթողիկոսը: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Կաթողիկոսը հայրապետական իր պատգամն ու օրհնությունը էր բերել համագումարի կազմակերպիչներին ու մասնակիցներին:

«Այսօր, հիմնադրումից շուրջ մեկ տասնամյակ անց, գոհունակություն է Մեզ համար հաստատել, որ Կոնգրեսը նշանակալի իր աջակցությունն է բերում Հայաստանի և Արցախի տնտեսական, գիտակրթական և մշակութային զարգացմանն ու առաջընթացին, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը, Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համազգային ջանքերին»,- ասել է Կաթողիկոսը:

Կաթողիկոսը մաղթեց շարունակել ազգօգուտ և աստվածահաճո իրենց առաքելությունը` արձանագրելով նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ: