17 հոկտեմբերի 2012 - 18:12 AMT
Հայկական բանակում չորս տասնյակ հոգևորական է ծառայում

Հոկտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար, ծովակալ Ջիամպաոլո Դի Պաոլայի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:

Հանդիպմանը բարի գալուստ մաղթելով հյուրերին համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև ձևավորվող համագործակցությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նկատեց, որ հայ-իտալական դարավոր բարեկամությունն արտահայտվում է ոչ միայն պետական, այլև եկեղեցական մակարդակով, որի վկայությունն են Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների եղբայրական հարաբերությունները:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ՀՀ Զինված ուժերում հոգևոր հովվությանը: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց, որ այսօր չորս տասնյակից ավելի եկեղեցականներ իրենց հոգևոր ծառայությունն են բերում հայոց բանակում: Նորին Սրբությունը նաև նշեց, որ բանակի հոգևոր սպասավորները պարբերաբար հնարավորություն են ունենում ծանոթանալու այլ երկրներում նույնանման կառույցների փորձառությանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Իտալիայի Պաշտպանության նախարարը խոսեցին նաև եկեղեցի-պետություն հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի մասին: