Սեպտեմբերի 17-ին Հակոբ Հակոբյանի նախագահությամբ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց կառավարության հեղինակած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ նախագծով առաջարկվում է նվազագույն ամսական աշխատավարձը սահմանել 35000 դրամ:
Հանձնաժողովը քննարկեց նաև կառավարության հեղինակած «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նախագծի մշակումը բխում է Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալ-իրավական պաշտպանության հարցերը լուծելու և ազգային օրենսդրությունը աստիճանաբար ԱՊՀ միջպետական համաձայնագրերի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից:
«Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում ներկայացված փոփոխությունը կատարելու դեպքում նախկին ԽՍՀՄ ՆԳ և պետական անվտանգության մարմինների շարքային և սպայական կազմի աշխատակիցների թվից նրանք, ովքեր հաշմանդամ են դարձել ծառայողական պարտականություններ կատարելիս, կհամարվեն Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ և կօգտվեն օրենսդրությամբ սահմանված նույն արտոնություններից, այն է` կունենան ամենամսյա պատվո վճար ստանալու իրավունք:
Օրենքի նախագծերը դրական եզրակացություն ստացան` ընդգրկվելու ԱԺ հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի և հոկտեմբերի 22-25-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: