18 հոկտեմբերի 2012 - 15:34 AMT
Շիֆ. Արցախի ժողովուրդը չպետք է ընկնի Ալիևի ձեռքը, որը, ներում շնորհելով մարդասպանին, իր իսկական դեմքը ցույց տվեց

Եթե ԱՄՆ-ն ու ՄԽ մյուս երկրները կոնկրետ ջանքեր չգործադրեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծելու համար՝ Արցախի ժողովրդի կամարտահայտության հիման վրա, ռազմական գործողությունների վերսկսման հեռանկարները գնալով ավելի իրական կդառնան: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը:

Ըստ նրա, այդ խնդրի լուծումը բխում է համընդհանուր շահերից և այն պետք է 2013թ. դիվանագիտական առաջնահերթություն դառնա:

Պատերազմի և տնտեսական մեկուսացման տարիները լուրջ խոչընդոտ էին Լեռնային Ղարաբաղի զարգացման ճանապարհին: ԱՄՆ հայ համայնքի աջակցությամբ ես պայքարում էի Արցախի համար օգնության ծավալների ավելացման օգտին: Եվ թեև ես հասա հաջողության, և բյուջեում ընդգրկվեց 5 մլն դոլարի օգնությանը հաջորդ ֆինանսական տարվա համար, իրական օգնությունը շատ ավելի մեծ պետք է լինի»,-ասել է Ադամ Շիֆը:

Շիֆը հավելել է նաև, որ հզոր, անկախ Արցախի ստեղծումը միայն խնդրի կեսն է: Ադրբեջանը պետք է հասկանա, որ նրա գործողությունների գինը շատ մեծ կարող է լինել: Ադրբեջանը ռազմական օգնություն է ստանում ԱՄՆ-ից ոչ թե միջոցների կարիքը ունենալու համար, այլ այն պատճառով, որ դա հանդիսանում է երկկողմ սերտ հարաբերությունների դրսևորում: Նվազեցնելով ռազմական օգնությունն Ադրբեջանին՝ ԱՄՆ-ն իր բացասական վերաբերմունքը ցույց կտա Բաքվում մարդասպանին ազատ արձակելուն, ինչպես նաև կհիշեցնի Ալիևին, որ հանգիստ չի ընկալելու ագրեսիայի դրսևորումները Հայաստանի կամ Արցախի հանդեպ:

Արցախի ժողովուրդը՝ հիմնականում հայ և քրիստոնյա, չպետք է ընկնի Ալիևի ձեռքը: Ներելով մարդասպանին և իր իսկական դեմքը ցույց տալով աշխարհին՝ նա և իր երկիրը ամենահամոզիչ ապացույցները ներկայացրեցին Արցախի անկախության շուտափույթ ճանաչման օգտին, եզրակացրել է Ադամ Շիֆը: