20 հոկտեմբերի 2012 - 14:48 AMT
Հայաստանը հաստատակամ է հայ-մեքսիկական հարաբերությունների զարգացման հարցում

Հոկտեմբերի 14-19-ը աշխատանքային այցով Մեքսիկայում էր գտնվում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, որը համատեղության կարգով ՀՀ դեսպան է նշանակված նաև Մեքսիկայի Միացյալ Նահանգներում:

Հոկտեմբերի 18-ին դեսպան Մարգարյանը հավատարմագրերը հանձնեց Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնին, որից հետո տեղի ունեցավ առանձնազրույց, որին մասնակցեց նաև ԱԳ նախարար Պատրիսիա Էսպինոզան:

Մեքսիկայի նախագահի հետ տեղի ունեցած հանդիպմանը նախորդեցին դեսպան Մարգարյանի հանդիպումները Մեքսիկայի ԱԳ փոխնախարար, տիկին Լուրդես Արանդայի և Եվրոպայի հարցերով գլխավոր քարտուղար, դեսպան Խոսե Իգնասիո Մադրասոյի հետ: ՀՀ դեսպանին ընդունեց Մեքսիկայի խորհրդարանի նորընտիր նախագահ Հեսուս Մուրիլիո Քարամը, ինչպես նաև Սենատի արտաքին հարաբերությունների գծով երկարամյա պատասխանատու, ներկայումս խորհրդարանի փոխնախագահ Ֆրանցիսկո Առոյոն, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր մարմիններում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում մեքսիկական կողմն իր մեծ գոհունակությունը հայտնեց այն փաստի առթիվ, որ երկարամյա ընդմիջումից հետո Հայաստանը նորից դեսպան է նշանակել Մեքսիկայում՝ ավելացնելով, որ Հայաստանի, Հայաստանին հուզող հարցերի և տարածաշրջանային խնդիրների նկատմամբ կշարունակվի ավանդաբար բարեկամական ու հավասարակշռված քաղաքականությունը:

Դեսպան Մարգարյանն իր հերթին հավաստիացրեց, որ հայկական կողմը հաստատակամ է հայ-մեքսիկական հարաբերությունների զարգացման ու խորացման հարցում:

Այցելության շրջանակներում ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ նաև Մեքսիկայի արտաքին առևտրի խթանման համար պատասխանատու «ProMexico» պետական կազմակերպության ղեկավարության հետ:

Դեսպան Մարգարյանը ջերմ ընդունելության արժանացավ Մեքսիկայի հայ համայնքի ներկայացուցիչների կողմից, որոնց հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին համագործակցության հնարավորությունները և խնդիրները: