21 ապրիլի 2005 - 08:20 AMT
ՀԻՍՏԵՐԻԱՆ, ՇԱՆՏԱԺԸ, ՍՊԱՌՆԱԼԻՔԸ` ՃՆՇՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՆ ՆՐԱՆՑ ՀԱՆԴԵՊ, ՈՎՔԵՐ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՃԱՆԱՉԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
«Յուրաքանչյուր ժողովրդի պատմության մեջ կան տարեթվեր, որոնք միացնող ուժ ունեն եւ որոշում են նրա ճակատագիրը շատ տասնամյակների, միգուցե եւ հարյուրամյակների համար: Հայերի համար, որտեղ էլ նրանք բնակվեն` Հայաստանում, Արցախում, Ռուսաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Լիբանանում կամ մոլորակի մի այլ անկյունում, կա մի ընդհանուր ողբերգական ամսաթիվ: Դա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Յուրաքանչյուր տարի այդ օրը աշխարհով մեկ սփռված հայկական ընտանիքներում մոմեր են վառում ի հիշատակ անմեղ զոհվածների»,-հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը, հանդես գալով «Ծանրագույն հանցանք, ծայրագույն մարտահրավեր. մարդու իրավունքները եւ ցեղասպանությունը» միջազգային համաժողովում: Ա.Ղուկասյանի հայտարարության մեջ նշվում է.«Մեր ժողովրդի պատմությունը իմացող մարդիկ երբեք իրենց հարց չեն տա, թե ինչու են այդքան հայեր բնակվում իրենց պատմական հայրենիքի սահմաններից դուրս: Պատմությունը վաղուց ի վեր պատասխանել է այդ հարցին` 90 եւ ավելի տարիներ առաջ: Սակայն պետությունը, որն իրագործեց 20 դարի առաջին ցեղասպանությունը եւ որն այժմ բարձրաձայն հայտարարում է եվրոպական եւ համամարդկային արժեքներին իր նվիրվածության մասին, ցավոք, մինչ այժմ չի մեղանչել իր կատարած հանցագործության համար: Ավելին, այդ նույն պետությունը այժմ ցինիկ քայլեր է ձեռնարկում համոզելու համար համաշխարհային հանրությանը հանել օրակարգից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը: Բոլոր այն պետությունները, որոնք այս կամ այն մակարդակով ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, անխուսափելիորեն բախվել են պաշտոնական Անկարայի արձագանքին: Նրանք հնարավորություն են ունեցել գործնականում համոզվելու համար նրանում, թե ինչ արժեքներ են այսօր գերիշխում թուրքական հասարակության մեջ: Իսկ դրանք այնպիսիք են, որ թուրք ժողովրդի թշնամիների թվին են դասվում բոլոր այն երկրները, որոնք կատարել են իրենց պարտքը մարդկության առջեւ: Հիստերիան, շանտաժը, բոլոր հարաբերությունները խզելու սպառնալիքները միջոցների այն ոչ լրիվ ցանկն է, որոնք օգտագործվում են քաղաքական ճնշում գործադրելու համար նրանց հանդեպ, ովքեր ճանաչել կամ պատրաստվում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ցավոք, Անկարայի ջանքերը այդ ուղղությամն հաճախ բերում իրենց ցանկալի արդյունքներ: Ցինիզմի վերին աստիճանը պետք է համարել այն քաղաքական գործիչների դիրքորոշումը, այդ թվում եւ Արեւմուտքի մի շարք երկրներից, որոնք նպատակ ունենալով թույլ չտալ իրենց պետությունների հարաբերությունների վատթարացումը Թուրքիայի հետ, հայտարարում են, թե իբր 1948 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ընդունած Կոնվենցիան ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ նրա համար պատիժ սահմանելու համար հետադարձ ուժ չունի, եւ չի կարող կիրառվել Արեւմտյան Հայաստանում 90 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հանդեպ: Նման դիրքորոշումը քաղաքական փարսեության տիպիկ օրինակ է, եւ հող է ստեղծում նման նոր հանցագործությունների համար, ընդ որում հաճախ այն նույն պետության կողմից, որն արդեն մեկ անգամ իրագործել է ցեղասպանություն»: