25 հոկտեմբերի 2012 - 11:24 AMT
Հայաստանը համատեղության կարգով ՀՀ դեսպան կունենա Գվատեմալայում

Հոկտեմբերի 23-ին օրվա երկրորդ կեսին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ժամանեց Գվատեմալա, որտեղ հանդիպում ունեցավ արտաքին հարաբերությունների նախարար Հարոլդ Կաբայերոսի հետ:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Գվատեմալայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասաց, որ 1998 թ. դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր շատ բան չի արվել և, որ ինքն ուրախ է ի կատարումն սեպտեմբերին Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների այսօր արդեն ողջունել Էդվարդ Նալբանդյանին Գվատեմալա քաղաքում և առարկայական քննարկում ունենալ երկկողմ հարաբերությունները զարգացնելու նպատակով ձեռնարկվելիք գործնական քայլերի շուրջ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանն ասաց, որ վստահ է, որ մեծ ներուժ է առկա երկու երկրների միջև թե քաղաքական, թե տնտեսական և թե մշակութային բնագավառներում համագործակցությունը զարգացնելու համար: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ դրան կնպաստի նաև համատեղության կարգով ՀՀ դեսպանի հավատարմագրումը Գվատեմալայում:

Նախարարները պայմանավորվածություն ձեռք բերեցին իրավապայմանագրային դաշտի ձևավորման, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության խթանման, գործարար կապերի հաստատման, մշակութային փոխանակումների իրականացման վերաբերյալ:

Նախարար Կաբայերոսը ներկայացրեց Կենտրոնական Ամերիկայի տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացները, առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման նպատակով ձեռնարկվող քայլերը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գվատեմալայի անդամակցության ենթատեքստում նախարարները քննարկեցին միջազգային օրակարգի այժմէական հարցերը:

Էդվարդ Նալբանդյանն իր գվատեմալացի գործընկերոջը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, տարածաշրջանային խնդիրների հանգուցալուծմանն ուղղված ջանքերը: