29 հոկտեմբերի 2012 - 21:44 AMT
ՄԱԿ գլխավոր քարտուղարը հիասթափված է Սիրիայում հրադադարի ձախողմամբ

ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը խոր հիասթափություն է հայտնել Սիրիայում մահմեդական Կուրբան Բայրամ տոնի ժամանակ հրադադար հաստատելու փորձերի ձախողմամբ:

Այդ մասին Պան Գի Մունը հայտարարել է՝ ելույթ ունենալով Հարավային Կորեայում: Նա դիմել է միջազգային հանրությանը՝ կոչ անելով լրացուցիչ միջոցներ ընդունել հակամարտությունը դադարեցնելու համար: Նա նշել է, որ քանի դեռ միջազգային հանրությունը պառակտված է, սիրիական ժողովրդի տանջանքները շարունակվելու են:

Բրիտանական Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպության տվյալներով, Սիրիայում կիրակի օրը տեղի ունեցած բախումների ընթացքում սպանվել են 110 հոգի: Դա եղել է ենթադրվող քառօրյա հրադադարի երրորդ օրը: