«Անշարժ գույքի շուկայում, մասնավորապես հիպոթեքային վարկերի տրամադրման գործընթացում օրենսդրական փոփոխության կարիք կա»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց «Ակցեռն» հոլդինգի նախագահ Հակոբ Բաղդասարյանը:
Նրա խոսքով` պետությունը ռիսկի գործոնն իր վրա պետք է վերցնի, բանկերին երաշխավորի, որպեսզի վարկերն ավելանան, տոկոսներն էլ նվազեն: Արդյունքում` տնտեսության այս ոլորտը կակտիվանա:
Հակոբ Բաղդասարյանն ասաց, որ անշարժ գույքի առքուվաճառքին մեծ վնաս հասցրեց 2007-ի օրենսդրական փոփոխությունը, որով 20 տոկոս ԱԱՀ էր գանձվում, օրինակ, 2 գործարքի ընդհանուր արժեքից, ոչ թե դրանց տարբերությունից կամ այլ սկզբունքով:
«Բիզնեսի աչքերով դա աբսուրդ է», - ասաց նա:
Խանջյան 20-ի նորակառույցի համատեքստում բանախոսն անդրադարձավ նաև նորակառույցների որակին.
«Կա նորակառույց, որի 1 քառ. մետրն արժե 1800, մյուսինը` 800 դոլար, քաղաքացին գնում, ընտրում է երկրորդը` հաշվի չառնելով որ որակը նաև գինն է պայմանավորում»:
Հակոբ Բաղդասարյանն անդրադարձավ նաև նախընտրական շրջանի` անշարժ գույքի շուկայի վրա հնարավոր ազդեցությանը:
«Նախընտրական շրջանն այս որոլտի վրա միշտ էլ բացասական ազդեցություն է թողնում», - ասաց նա: