5 նոյեմբերի 2012 - 18:30 AMT
«ՀայՓոստ»-ը վերաբացեց Կոտայքի մարզի Ալափարս, Բջնի և Սոլակ գյուղերի արդիականացված փոստային բաժանմունքները

Այսօր տեղի ունեցավ Կոտայքի մարզի Ալափարս, Բջնի և Սոլակ գյուղերի արդիականացված փոստային բաժանմունքների վերաբացման արարողությունը:

Նորացված փոստային բաժանմունքների վերաբացմանը ներկա էին համայնքների ղեկավարները, «ՀայՓոստ» գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ աշխատակիցներ, տեղի բնակիչներ: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են «ՀայՓոստ» ՓԲԸ-ից:

Ընկերությունից տեղեկացնում են, որ շինարարական և արտաքին հարդարման աշխատանքներից բացի, այստեղ նորացվել են աշխատանքային չափորոշիչները, փոխվել և նորացվել են ենթակառուցվածքները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ և սարքավորումներ:

Արդիականացված բաժանմունքներում ծառայությունները մատուցվում են ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարական ծրագրերի, գլխամասի հետ առցանց կապի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս ավելի արագ և արդյունավետ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ մատուցել գյուղերի բնակիչներին:

Ներդնելով ավելի ժամանակակից սուրհանդակային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ` «ՀայՓոստ թրասթ մենեջմենթ»-ը մտադիր է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել փոստային ծառայությունները` «ՀայՓոստ»-ը դարձնելով ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում: