5 նոյեմբերի 2012 - 21:30 AMT
Խոսրովի արգելոցում հրավիրված խորհրդակցությունն առանց միջադեպերի չանցավ, բայց ավարտվեց բարեհաջող

Խոսրովի արգելոցում այսօր բնապահպանության նախարարի հրավիրած խորհրդակցությունն ավարտվեց: Թեև, ի սկզբանե, նախատեսված էր, որ խորհրդակցությանը մասնակցելու են լրագրողները և մասնագետները, բայց բնապահպանության նախարարի թույլտվությամբ, խորհրդակցությանը ներկա գտնվեցին նաև բնապահպան-ակտիվիստները, ովքեր Խոսրով տեղամաս կոչվող հատվածում փակել էին ճանապարհը և թույլ չէին տալիս խորհրդակցության մասնակիցներին մտնել տեղամաս:

Բնապահպանության նախարարության մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ խորհրդակցության մասին նախապես տեղեկացրել էին բոլորին և, բնապահպանները կարող էին դիմել նախարարություն և ստանալ դրան մասնակցելու թույտվությունը.«Ամեն դեպքում նախարարը թույլ տվեց նրանց մասնակցել, թեև կարելի էր այդ ամենն ավելի քաղաքակիրթ ձևով անել»,-ասաց նա՝ հավելելով, որ սա տարածքում իրավիճակը շտկելու համար արված առաջին քայլն էր: Հաջորդ փուլում խորհրդակցություն կանցկացվի հանրային սեկտորի համար:

Հայկ Հակոբյանն ասաց որ այսօր քննարկվել են արգելոցի պահպանության, արգելոցի տարածքում գտնվող բնակավայրերին, էկոտուրիզմի զարգացմանը և օրենսդրական դաշտի կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր: