6 նոյեմբերի 2012 - 19:31 AMT
«Հարսնաքարի գործով» տուժող. Բոլորը հարվածում էին, կանգնած մարդ կամ բաժանող չի եղել

Այսօր «Հարսնաքարի գործով» դատական նիստի ժամանակ ընդմիջումից հետո տուժող Արտակ Բայադյանը նորից հայտարարեց. «Ամենաքիչը տասնըհինգ հոգի էին, բոլորը, ում տեսել եմ, հարվածում էին: Կանգնած մարդ կամ բաժանող չի եղել: Ամեն ինչ պլանավորված էր»:

Մեղադրյանլների պաշտպանները շարունակեցին հարցեր տալ: Ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը և ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանը հարցեր ուղղեցին իրենց պաշտպանյալներին ճանաչման ներկայացնելու քննչական գործողության ժամանակ տեսաձայնագրման, իրենց պաշտպանյալների հետ ներկայացված անձանց արտաքին տեսքի ու հագուկապի նմանության մասին:

Արտակ Բայադյանը պատասխանեց, որ մյուսների մասին մանրամասներ չի հիշում, քանի որ մի հայացք է գցել ու ճանաչել ամբաստանյալներին:

Այս դատական նիստի ժամանակ պաշտպանական կողմը միջնորդեց այսուհետ դատական նիստերն անցկացնել շաբաթական մեկ անգամ՝ իրենց պաշտպանյալների պաշտպանական իրավունքը լիարժեք իրագործելու նպատակով: Դատարանը նշեց, որ արդեն որոշում է կայացրել շաբաթական 2 դատական նիստ անցկացնելու մասին, սակայն չբացառեց, որ հետագայում այդ որոշումը կարող է վերանայվել: Նախորդ դատական նիստում սկսված, այսօր շարունակված տուժող Արտակ Բայադյանի հարցաքննությունը կշարունակվի նոյեմբերի 9-ին: