6 նոյեմբերի 2012 - 20:32 AMT
Ադրբեջանը նոտա է հղել Ավստրալիային, բայց, չգիտես ինչու, Թուրքիայում իր դեսպանատան միջոցով

Ադրբեջանը Ավստրալիային բողոքի նոտա է հղել Նոր Հարավային Ուելսի կողմից ընդունված նոր բանաձևի հետ կապված, բայց, չգիտես ինչու, Թուրքիայում իր դեսպանատան միջոցով: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, մեջբերելով Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը, Անկարայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ավստրալիային՝ Նոր Հարավային Ուելսի կողմից «Ժողովուրդների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելու մասին» բանաձևի ընդունման առիթով:

Հոկտեմբերի 24-ին Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդրական խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման և 20 տարի առաջ իր անկախության մասին հայտարարած Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Բանաձևը ներկայացվել է խորհրդի քննարկմանը Մարի Ֆիկարոյի կողմից: Բանաձևում կոչ է արվում Ավստրալիայի կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և ամրապնդել նրա հետ հարաբերությունները:

Ընդունված բանաձևում Օրենսդրական խորհուրդը ճանաչում է, մասնավորապես, ժողովուրդների հիմնական իրավունքը, այդ թվում` ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ընդգծում է Ղարաբաղի ջանքերն օրինական ընտրություններ անցկացնելու ճանապարհով ազատ և ժողովրդավարական հասարակություն ձևավորելու ուղղությամբ, աջակցում Ղարաբաղի ընդգրկմանը միջազգային հասարակություն և կոչ անում համագործակցել միջազգային հանրության հետ տարածաշրջանային խնդիրների լուծման համար, կոչ անում սահմանել խաղաղ հարաբերություններ և շարունակել տնտեսական և մարդասիրական աջակցությունը Ղարաբաղին: