Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում` նախապատրաստվելով Երևանում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ կազմի հարցում գրեթե կողմնորոշվել է:
«Հիմա ամեն քաշային կարգում մարզվում են երկուական բռնցքամարտիկներ: Աշխարհի առաջնության վերջնական կազմը կորոշվի երկու շաբաթից, երբ Աբովյանում անցկացնենք վերջին մարզումային փուլը»,- ասաց Ոսկանյանը:
Հայաստանը աշխարհի առաջնությունում կներկայացնեն 10 բռնցքամարտիկներ: Մարզիչը նշեց, որ նրանից 5-6 բռնցքամարտիկները ունակ են մեդալներ նվաճելու. «Թիմի տղաները բոլորն էլ լավ մարզավիճակում են: Նրանց մեջ կան Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մեդալակիրներ, միջազգային մրցաշարերի հաղթողներ: Բացի այդ, մեր երկրում է ընթանալու առաջնությունունը, ու սա մեզ շատ պետք է օգնի, որպեսզի էլ ավելի լավ ներկայանանք»:
Աշխարհի առաջնությունը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 8-ը: