12 նոյեմբերի 2012 - 17:35 AMT
Քաղաքագետ. ՀՀԿ-ն ճիշտ կանի՝ ընդունի ԲՀԿ-ի առաջարկը

Երկրում որևէ համակարգային խնդիր լուծելու համար պետք է ուժային կոնսուլիդացիա: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնորոշմամբ՝ Հայաստանը գտնվում է խորը ճգնաժամի մեջ և որևէ քաղաքական ուժ միայնակ չի կարող դուրս բերել երկիրն այս ճգնաժամից. մինչև հիմնական քաղաքական ուժերը չգան հայտարարի, դա տեղի չի ունենա: «Ես կարծում եմ, որ Հայաստանին պետք է մի մեծ կոալիցիա: Եվ անկախ ամեն ինչից, եթե մարդիկ սեփական իշխանությունների հանդեպ վստահություն չունենան, եթե հասարակ քաղաքացին չզգա, որ ինքը ունի ներդաշնակություն սեփական իշխանության հետ, Հայաստանում ոչինչ չի փոխվի»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երվանդ Բոզոյանը:

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մտադրությանը՝ խորհրդատվությունների հրավիրել նաև ՀՀԿ-ին և ՕԵԿ-ին, քաղաքագետը նկատեց, որ իշխող կուսակցությունը ճիշտ կանի ընդունի այդ առաջարկը: «ՀՀԿ-ն այսօր Հայաստանում բավական ազդեցիկ ուժ է, և ճիշտ կլինի, որ իրենք էլ միանան այդ ֆորմատին: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա իմ կարծիքով, այս կուսակցությանը կշիռն ու դերակատարությունը մեծ չէ, և դրա մասնակցել-չմասնակցելը էական դեր չի կատարի երկրի զարգացման տեսանկյունից»,- շեշտեց քաղաքագետը:

Հիշեցնենք՝ ԲՀԿ-ն հանդես է եկել առաջարկով՝ սկսել քաղաքական խորհրդակցություններ երկրում համակարգային լուրջ փոփոխպություններ անելու համար: Այս կուսակցությունն արդեն հանդիպումներ է ունեցել ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի հետ: