
Ձմռանը Երևանում կրկին կգործեն սահադաշտերը Կարապի լճում և Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Դրա հետ մեկտեղ սահադաշտ է ծրագրվում բացել Ջրաշխարհում: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին «Ակվատեկ» մարզաառողջային համալիրի ընդունարանից, սահադաշտը կբացվի դեկտեմբերին, իսկ հստակ ժամկետը պարզ կլինի նոյեմբերի 25-ից հետո:
«Ջրաշխարհ» հանգստի ու զվարճալիքների համալիրն այժմ նախապատրաստական աշխատանքներ է տանում սահադաշտի բացման ուղղությամբ: Տարածքում գործելու են սահադաշտ, վարձույթով չմուշկներ, սահնակներ, մանկական սղարաններ, սրճարաններ, ատրակցիոն խաղեր, Ջրաշխարհ ռեստորանը, ինչպես նաև կանցկացվի ամանորյա տոնավաճառ:
Երևանում 2004 թվականից ամեն տարի բացվող Կարապի լճի սահադաշտը կգործի նաև այս տարի: «Ջրային կառույցներ» ՓԲԸ գլխավոր ճարտարագետ Վաղարշակ Վաղարշակյանը տեղեկացրեց, որ այժմ տարվում են սահադաշտի բացման նախապատրաստական, սառույցի և տարածքի պատրաստման աշխատանքները: «Ամեն տարի սահադաշտը բացվում է դեկտեմբերի 1-ին և գործում մինչև մարտի 1-ը: Այս տարին բացառություն չէ, բացումը կարող է մեկ-երկու օրով հետաձգվել` բացառապես ելնելով եղանակային պայմաններից»,- նշեց նա:
Մարզահամերգային համալիրի ընդունարանում դժվարացան հստակ ժամկետներ հայտնել` նշելով, որ, ամենայն հավանականությամբ, բացումը տեղի կունենա դեկտեմբերին: Այս սահադաշտը գործում է 2008-ից: