15 նոյեմբերի 2012 - 21:54 AMT
ՕԵԿ-ԲՀԿ հանդիպման հիմնական թեման եղել է հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգը

«Օրինաց երկրի» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների այսօր կայացած հանդիպումը ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը արդյունավետ է որակում: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նա հայտնեց, որ ԲՀԿ նրկայացուցիչները հանդիմանը ներկայացրել են օրակարգը, որի պայմաններում, ըստ իրենց, հնարավոր է երկրում համակարգային փոփոխությունների հասնել: «Քննարկման հիմնական հարցը վերաբերել է հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այդ թեզը մշտապես եղել է ՕԵԿ-ի օրակարգում: Ներկայացրեցինք մեր տեսակետը՝ թե ինչպես ենք տեսնում հետագա համագործակցությունը տարբեր քաղաքական ուժերի հետ՝ անկախ նրանից, թե այդ ուժերը որ դաշտում են գտնվում՝ ընդդիմադիր կամ իշխանական: Մեր կարծիքով ուժերի կոնսուլիդացիայի շնորհիվ հնարավոր է լուծել խնդիրներ, որոնք իսկապես կբերեն երկրում փոփոխություննրի»,- ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

Ավելացնենք, որ հանդիպմանը ԲՀԿ-ից մասնակցել են Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը, ՕԵԿ-ից՝ կուսակցության փոխնախագահներ Հեղինե Բիշարյանն ու Մհեր Շահգելդյանը: Հանդիպման արդյունքները ՕԵԿ-ը կքննարկի վաղը կայանալիք քաղաքական խորհրդի նիստում, որից հետո կհրապարակի իր դիրքորոշումը: