17 մայիսի 2005 - 12:42 AMT
ՀԱՅՏՆԻ ՉԷ, ԿԸԴԳՐԿՎԻ՞ ԱՐԴՅՈՔ ԼԵՆՄԱՐԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
Առայժմ հայտնի չէ, կընդգրկվի՞ արդյոք հուլիսին Վաշինգթոնում կայանալիք ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի տարեկան նիստի օրակարգում կազմակերպության Լեռնային Ղարաբաղի հարցերով զեկուցող Գորան Լենմարկերի հաշվետվությունը: Այս մասին տեղեկացրել է ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության նախագահի տեղակալ Էլդար Իբրահիմովը, հաղորդում է Բաքվի
«525» թերթը: Նրա խոսքերով` դրա պատճառը Գ.լենմարկերի հաշվետվության պատրաստ չլինելն է: «Մեզ ներկայացված բացատրություններում ասվում է, որ ճիշտ ժամկետին հաշվետվության պատրաստ չլինելը կապված է Գ.Լենմարկերի այլ երկրներ գործուղման հետ: Հաշվետվության ավարտումից հետո այն կքննարկվի ԵԱՀԿ ԽՎ բյուրոյում: Այնուհետեւ, առաջարկությունների եւ ցանկությունների համար, ադրբեջանական եւ հայկական պատվիրակությունները կծանոթանան դրա բովանդակության հետ: Սակայն այդ գործընթացի ձգձգումը մեզ անհանգստացնում է, այդ պատճառով Միլի Մեջլիսի ղեկավարությունը միջազգային կապերի բաժնին համապատասխան հանձնարարություններ է տվել»,- նշել է Է.Իբրահիմովը: Նա նաեւ նշել է, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի տարեկան նիստի օրակարգը հաստատվելու է մայիսի վերջին-հունիսի սկզբին` Կոպենհագենում (Դանիա) կազմակերպության Բյուրոյի նիստում: «Լիովին հնարավոր է, որ Լենմարկերի հաշվետվությունը չընդգրկվի նիստի օրակարգում: Սակայն ներքին կանոնադրության համաձայն` խորհրդարանականները իրավունք ունեն առաջարկություններ անել օրակարգում նրանց հետքրքրող հարցերի քննարկման վերաբերյալ: Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ քննարկումները կարող է ներառվեն օրակարգ: Ամենագլխավորը, որպեսզի Լենմարկերի հաշվետվությունն այդ ժամանակ պատրաստ լինի»,- ընդգծել է Է.Իբրահիմովը: