24 նոյեմբերի 2012 - 13:02 AMT
Լևոն Արոնյան. London Chess Classic-ում իմ հիմնական մրցակիցը Մագնուս Կարսլենն

Դեկտեմբերի 1-10-ը գրոսմայստեր Լևոն Արոնյանը մասնակցելու է London Chess Classic մրցաշարին: Առաջին տուրում հայ շախմատիստը սպիտակ խաղաքարերով մրցելու է Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) հետ:

PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե ինչ կասի իր առաջին տուրի պայքարի մասին, Արոնյանը պատասխանել է հետևյալը. «Հիկարուի հետ մենք բազմաթիվ անգամներ ենք հանդիպել: Մեր վերջին պարտիայում ինձ հաջողվել է հաղթանակ տանել, իսկ մինչ այդ պարտվողի դերում ես էի եղել: Այս անգամ ևս կփորձեմ կիրառել նույն մարտավարությունը, որն ինձ հաղթանակ է բերել: Լավ մեկնարկը շատ կարևոր է, այդ պատճառով էլ կփորձեմ հաղթել»:

ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի 2-րդ ուժեղագույն շախմատիստի խոսքով, իր հիմնական մրցակիցը Մագնուս Կարսլենն է: Արոնյանը գտնում է, որ իրենց բոլոր հանդիպումներն էլ միշտ մեծ հետաքրքրություն են առաջացնում:

« London Chess Classic-ին միշտ ուժեղ շախմատիստներ են մասնակցում, այս տարի այն հետաքրքիր է նրանով, որ առաջին անգամ մասնակցելու է կին շախմատիստուհի Յուդիտ Պոլգարը: Մրցաշարին ես մեկ ամիս պատրաստվել եմ Հայաստանում, և, ինչպես միշտ, կպայքարեմ մրցանակային տեղի համար»,- նշեց շախմատիստը: