26 նոյեմբերի 2012 - 14:42 AMT
Ադրբեջանի բռնցքամարտի պատվիրակությունը Հայաստան է ժամանելու այսօր

Երևանում կայանալիք երիտասարդների աշխարհի առաջնության ժամանակ ադրբեջանցի մարզիկների համար համապատասխան մարմինները կապահովեն անվտանգությունը: Այս մասին հայտարարեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:

«Մենք բոլոր 620 մարզիկների համար էլ ապահովելու ենք անվտանգություն: Սակայն Ադրբեջանի պատվիրակության նկատմամբ էլ ավելի ուշադիր ենք լինելու: Մեր երկիր ադրբեջանցիները եկել են նաև ձյուդոյի Եվրոպայի առաջնության ժամանակ, և այն անգամ ամեն ինչ շատ հարթ է անցել»,- ասաց Գաբրիելյանը:

Ադրբեջանի պատվիրակությունը Հայաստան է ժամանելու այսօր` նոյեմբերի 26-ին: Նրանք Վրաստանից հատուկ չվերթով են ժամանելու Երևան:

Հայաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը կմասնակցեն 68 երկրի բռնցքամարտիկներ:

Աշխարհի առաջնության առաջին մարտերը կսկսեն նոյեմբերի 29-ից և կավարտվեն դեկտեմբերի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Իսկ առաջնության հանդիսավոր բացումը տեղի կունենա նոյեմբերի 28-ին ժամը 18:00: Մուտքն առաջնության ողջ ընթացքում լինելու է ազատ: