27 նոյեմբերի 2012 - 10:19 AMT
«ՀԺ». ՀՅԴ-ն ամփոփել է քաղաքական խորհրդակցությունների արդյունքները, ԲՀԿ-ն՝ ոչ

Հայ հեղափոխական դաշնակցությունն արդեն ամփոփել է իր նախաձեռնած քաղաքական կոնսուլտացիաների արդյունքները, որոնք ընթանում էին ՀՅԴ-ի ներկայացրած 7 կետանոց պլատֆորմի շուրջ` երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել է ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: Բացի ՀՀԿ-ից, դաշնակցությունը, փաստորեն, հանդիպել է խորհրդարանական մյուս բոլոր ուժերի ներկայացուցիչների հետ:

«Այժմ մենք քննարկում ենք, թե ինչ հնարավորություն կա ընդհանուր հայտարարի գալու: Մեր ներկայացրած պլատֆորմի որևէ կետի շուրջ համաձայնություն չձևավորելը մեզ համար խնդիր է: Եթե պիտի պլատֆորմի բովանդակությունը խաթարվի, մենք այդտեղ խնդիր ենք տեսնում»,- ասել է Համբարձումյանը:

Նա նաև հայտնել է, որ ՀՅԴ-ն նախնական որոշում ունի դեկտեմբերի 5-ին կամ 6-ին «Էրեբունի պլազա» հյուրանոցում լայն ֆորմատով քննարկումներ անցկացնելու, որին, բացի քաղաքական ուժերից, կհրավիրվեն նաև ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Իր նախաձեռնած քաղաքական կոնսուլտացիաները դեռ չի ամփոփել ԲՀԿ-ն, որի նախագահ Գագիկ Ծառուկյանը հանրապետությունում չէ: Այդ մասին երեկ «Հայկական ժամանակի» թղթակցին հայտնել է Ծառուկյանի մամուլի խոսնակը: