24 փետրվարի 2003 - 21:45 AMT
ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲԸ ՏԱՐԱԿՈՒՍԱՆՔ Է ՀԱՅՏՆՈՒՄ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի ղեկավար, ՀՀ խորհրդարանի պատգամավոր Գրիքոր Հարությունյանն այսօր իր տարակուսանքն է հայտնել նախկին թեկնածու Արտաշես Գեղամյանի այն հայտարարության կապակցությամբ, որ Հայաստանի գործող իշխանությունները լավ գիտակցում են, որ ընդդիմության հաղթանակի դեպքում «գնդակահարվելու են»: Ինչպես «Մեդիամաքս» գործակալությանն է հայտարարել է Գրիքոր Հարությունյանը, «մենք պայքարում ենք Հայաստանում օրենքի գերակայության հաստատման համար, եւ մեր թեկնածուն իշխանությունների հետ ֆիզիկական հաշվեհարդարի մասին երբեք որեւէ հայտարարություններ չի արել»: Մեկնաբանելով Ա.Գեղամյանի մեկ այլ հայտարարությունն այն մասին, որ նա անօրինական է համարում Հայաստանի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը, Դեմիրճյանի շտաբի ղեկավարը նշել է, որ «յուրաքանչյուրն իր կարծիքն արտահայտելու իրավունք ունի»: