3 դեկտեմբերի 2012 - 20:14 AMT
Լիբանանում հայազգի զինվորական է զոհվել

Լիբանանյան բանակի ստորաբաժանումներից մեկի հրամանատար, Լիբանանի բանակի շքանշանակիր Սամսոն Անդրանիկյանը զոհվել է իր պարտականությունները կատարելու ժամանակ: Այս մասին հայտնում է Բեյրութի «Ազդակ» հայկական թերթը: Դեպքը տեղի է ունեցել քրիստոնեական Ժունիե թաղամասում:

Անդրանիկյանը հետապնդում էր բազմաթիվ հանցագործությունների հեղինակ Հասան Ահմեդ Ղարիբին: Հանցագործի և բանակի ջոկատի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի արդյունքում Ղարիբը վիրավորվել է, այնուհետև ձերբակալվել:

Սամսոն Անդրանիկյանը ծնվել է 1971 թ-ին` Բուրջ Համուդում: Այսօր տեղի է ունեցել նրա հուղարկավորման արարողությունը: