5 դեկտեմբերի 2012 - 17:28 AMT
Հայաստանը պատրաստակամ է բազմակողմ հարաբերությունների հաստատել Օմանի հետ

Դեկտեմբերի 4-ին «Ալ-Շումուխ» Սուլթանական պալատում Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը (նստավայրը` Էլ-Քուվեյթ) իր հավատարմագրերը հանձնեց Օմանի Սուլթանության Սուլթան Կաբուս Բեն Սայիդ Ալ-Սայիդին: Դեսպան Չարչօղլյանն Օմանի Սուլթանին, ժողովրդին և կառավարությանը փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, արարողությանը հաջորդած կարճատև զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստան-Օման համագործակցության հետագա ընդլայնման հեռանկարներին: Այս կապակցությամբ Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանը վերահաստատեց երկու երկրների միջև բազմակողմ հարաբերությունների հաստատման և խորացման Հայաստանի պատրաստակամությունը:

Հանդիպման ավարտին Սուլթան Կաբուս Բեն Սայիդ Ալ-Սայիդը իր լավագույն ցանկությունները փոխանցեց Հայաստանի նախագահին և հաջողություններ մաղթեց նորանշանակ դեսպանին իր դիվանագիտական առաքելության մեջ: