5 դեկտեմբերի 2012 - 18:00 AMT
Հայաստանը կողջունի փոխշահավետ պայմաններով օմանյան կապիտալի մուտքը ՀՀ տնտեսություն

Դեկտեմբերի 5-ին Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպեց Օմանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Այման Բեն Աբդալլահ Բեն Մուհամմադ Ալ-Հուսեյնի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների միջև համագործակցության խթանման և խորացման հեռանկարները: Դեսպան Չարչօղլյանն անդրադարձավ կառույցների միջև կապերի հաստատման կարևորությանն ու հանգամանալի ներկայացրեց Հայաստանի տնտեսության հիմնական ոլորտներում, այդ թվում` գյուղատնտեսության, զբոսաշրջության, ոսկեգործության և ադամանդագործության, անշարժ գույքի, հանքարդյունաբերության, քիմիական արդյունաբերության, ենթակառուցվածքների բնագավառներում արձանագրված առաջընթացը` առաջարկելով աշխատանքներ սկսել վերոհիշյալ ոլորտներում փոխշահավետ համագործակցություն ծավալելու ուղղությամբ: Լուսաբանվեցին նաև Հայաստանի ներդրումային դաշտն ու հնարավորությունները, ՀՀ տնտեսական զարգացման ծրագրերն ու նախագծերը: Այս կապակցությամբ օմանյան կողմին տեղեկացվեց, որ ՀՀ իշխանությունները պատրաստ են լուրջ քննարկումներ սկսել ՕՍ շահագրգիռ կառույցների հետ` փոխշահավետ պայմաններով օմանյան կապիտալի մուտքը ՀՀ տնտեսություն ապահովելու, համատեղ ձեռնարկություններ հիմնելու, ինչպես նաև ներդրումային բնույթի ծրագրեր իրականացնելու կապակցությամբ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: