6 դեկտեմբերի 2012 - 13:02 AMT
ՀՀԿ պատգամավոր. Հայ ժողովուրդը դարեր ի վեր արտագաղթել է և դա հոգեկերտվածք է դարձել

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը մտահոգված է արտագաղթով: Ըստ նրա՝ կան բազմաթիվ գործոններ, որոնք ազդում են արտագաղթի տեմպերի վրա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանրապետական պատգամավորը կարծիք հայտնեց, որ մարդիկ ավելի շատ մեկնում են անարդարությունների պատճառով:

«Պատճառը չինովնիկական կամայականություններն են, արդարադատության համակարգի մակարդակը, սակայն այդ ոլորտները բարեփոխելու համար աշխատանքներ տարվում են և արդյունքները կերևան մոտակա ժամանակներս»,- ասաց նա: Արտագաղթի երկրորդ գործոնն, ըստ նրա, տնտեսական պայմաններն են: «Հայաստանի շուկան փոքր է, բայց այն ընդլայնելու ուղղությամբ քայլեր կատարվում են և ՀՀԿ-ի ծրագրում ընդգրկված է այն թեզը, որ պետությունը պարտավորվում է ստեղծել աշխատատեղեր»,-ասաց Մանվել Բադյանը: Ըստ պատգամավորի՝ արտագաղթելու երրորդ գործոնը հոգեբանական է: «Հայ ժողովուրդը դարեր ի վեր արտագաղթել է և դա հոգեկերտվածք է դարձել»,- նկատեց նա: