6 դեկտեմբերի 2012 - 16:40 AMT
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կարող է տեղի ունենալ Փարիզում 2013թ. հունվարին

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը կարող են հանդիպել Փարիզում 2013թ. հունվարին: Այդ մասին հայտարարել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները:

Դուբլինում ընթացող նիստի շրջանակներում ՄԽ համանախագահները առանձին հանդիպումներ են ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Ինչպես հայտարարել է ադրբեջանցի նախարարը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպմանը քննարկվել է Ղարաբաղի վերաբերյալ փաստաթղթի նախագիծը: «Դեռ պարզ չէ, թե ինչ ձևաչափով կընդունվի փաստաթուղթը: Եթե մենք հավանություն տանք տեքստին, հայտարարությունը կընդունվի»,-ասել է նա, հայտնում է News.az.-ը:

Իր հերթին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով ադրբեջանցի պաշտոնակցի հետ հավանական հանդիպման մասին հարցին, հայտարարել է, որ եթե դա անհրաժեշտ է, ապա հանդիպումը տեղի կունենա: