10 դեկտեմբերի 2012 - 17:22 AMT
Աբու Դաբիում դրամահավաք է տեղի ունեցել սիրիահայերի օգտին

Դեկտեմբերի 6-ին Աբու Դաբիի «Yas Island Crowne Plaza» հյուրանոցում տեղի ունեցավ Աբու Դաբիի և Դուբայի ու Հյուսիսային էմիրությունների Ազգային վարչությունների կողմից կազմակերպված և ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության մասնակցությամբ տեղի ունեցած դրամահավաք-ճաշկերույթ՝ սիրիահայության օժանդակության հիմնադրամին աջակցելու նպատակով: Բացման խոսքով հանդես եկավ Աբու Դաբիի Ազգային վարչության ատենապետ Վարդգես Արզումանյանը:

Միջոցառմանը ելույթ ունեցավ ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, ով անդրադարձ կատարեց Սիրիայի ու սիրիահայության խնդիրների նկատմամբ Հայաստանի ու հայ ժողովրդի դիրքորոշմանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանի իշխանությունների կողմից սիրիահայության աջակցությանն ուղղված ջանքերին: Այդ կապակցությամբ ՀՀ դեսպանը նշեց, որ Հայաստանը խիստ մտահոգված է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններով և ցանկանում է այդ երկրում ստեղծված իրավիճակի շուտափույթ կայունացում ու խաղաղության վերահաստատում, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Միջոցառման ժամանակ կատարված հանգանակության ողջ գումարը փոխանցվեց սիրիահայության օժանդակության հիմնադրամին: