17 հունիսի 2005 - 08:31 AMT
Վ.ՕՍԿԱՆՅԱՆԸ ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՀԱՄԱՐԵԼ Է ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ
Հայաստանը դրական է գնահատում Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, սա կարեւոր քայլ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: Թեեւ բանաձեւը չի օգտագործում «ցեղասպանություն» տերմինը, քանի որ Բունդեսթագն իրեն իրավասություն չի վերապահում որակավորում տալ 1915թ. դեպքերին, սակայն «ցեղասպանություն» բառն առկա է նկարագրական մասում, իսկ որոշման մասում այդ ողբերգական իրադարձությունների վերաբերյալ կիրառում է «հայոց բնաջնջում» տերմինը, նշել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գերմանիան տարիներ շարունակ խուսափում էր այդ մասին խոսել եւ ավելի շուտ հակված էր լռության կամ ժխտման, Բունդեսթագի որոշումը շրջադարձային է: Հատկապես, որ Գերմանիան ընդունում է իր մեղսակցությունը 1915թ. ողբերգական իրադարձություններին եւ կոչ անում Թուրքիային հաշտվել իր անցյալի հետ: Բունդեսթագի որոշումը եւս մեկ կարեւոր քայլ է Թուրքիայի ԵՄ անդամակցության կապակցությամբ հայկական հարցերը առաջիկա աշնանը նախատեսվող բանակցությունների օրակարգում ընդգրկելու առումով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: